ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Երևանում Շիրակացու անվան ճեմարանի 4-րդ հարկից նետված 13-ամյա երեխայի առողջական վիճակը լավ է, օրերս իրականացված ոտքի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Տեղեկությունը հայտնել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը` հավելելով, որ բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի վերականգնողական շրջանն արագ ու արդյունավետ անցնի։
«Այս պահին կարևորելով և առաջնահերթ համարելով երեխայի առողջական վիճակի բարելավումը՝ մնացածը թողնում ենք ժամանակին և համապատասխան կառույցների արդար և օբյեկտիվ աշխատանքին»,– գրել է Ալիխանյանը:
Հիշեցնենք` լրատվամիջոցները գրել էին, որ ըստ նախնական տվյալների` ապրիլի 26-ին նշված ճեմարանի առաջին հարկի ընդունարանի սրահից կորել էր նույն ճեմարանի սան Նարեկ Կ․-ի պայուսակը, որի առթիվ ոստիկաններն ու քննիչները այցելել են ճեմարան, ուսումնասիրել այնտեղ տեղադրված տեսախցիկները։ Արդյունքում պարզվել է, որ պատուհանից ցած նետված Գագիկ Պ․-ն այդ ժամանակահատվածում գտնվել է ճեմարանում։
Արդեն ապրիլի 28-ին երեխային իր մոտ է հրավիրել դպրոցի փոխտնօրեններից մեկը և հետաքրքրվել կատարվածից, ինչին ի պատասխան երեխան հայտնել է, որ ինքը պայուսակի անհետանալու հետ որևէ առնչություն չունի, իր կորած գլխարկը փնտրելու համար է գնացել այնտեղ։
Խոսակցությունից րոպեներ անց Գագիկ Պ․-ն ճեմարանի 4-րդ հարկում գտնվող իրենց դասասենյակի պատուհանից ցատկել է ներքև:
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (անչափահասին ինքնասպանության հասցնելու) հատկանիշներով։