Ճամբարակում պարեկների նկատմամբ բռնության կիրառման կասկածանքով 3 անձ ձերբակալվել է

Ճամբարակ. Արխիվային լուսանկար
Մի խումբ անձինք պարեկներին հարվածել են բռունցքով, հայհոյել և դիմել փախուստի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում խուլիգանության, պարեկային ծառայողների նկատմամբ բռնության կիրառման կասկածանքով 3 անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պարեկները մայիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21 փողոցում նկատել են, որ «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան կանգնել է հետիոտնային անցման վրա, և զգուշացրել են հեռացնել այն։ Դրանից հետո, ստուգելու նպատակով, Գարեգին Նժդեհի փողոցում պարեկային ծառայողները կանգնեցրել են նշված ավտոմեքենան և պարզվել է, որ վարորդն իր մոտ չունի վարորդական իրավունքի վկայական։
«Խոսակցության ընթացքում նույն փողոցում վարորդի և ուղևորի գլխավորությամբ մոտ 20-25 անձ սկսել են քաշքշել պարեկային ծառոյողներին, տվել սեռական բնույթի հայհոյանքներ։ Նրանցից մեկը նաև բռունցքով հարվածել է պարեկային ծառայողներից մեկի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և դիմել փախուստի։ Դեպքի վերաբերյալ ստացված հաղրոդման առթիվ քննչական կոմիտեն ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), նախաձեռնվել է քրեական վարույթ»,– ասված է հաղորդագրությունում։
Մայիսի 5-ին առերույթ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են նշված ավտոմեքենայի 36-ամյա վարորդը, 40-ամյա ուղևորը և 29-ամյա մեկ քաղաքացի, ովքեր հանդիսանում են Ճամբարակ քաղաքի բնակիչներ։
Նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ դեպքի հանգամաքները լիարժեք պարզելու, միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզելու, բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։