ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայ–աբրբեջանական սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում։
Հարցին ի պատասխան, թե առնվազն հրապարակային հայտարարություններով Ադրբեջանը Հայաստանից պահանջում է գյուղեր, ինչպես նաև արտատարածքային միջանցք՝ ինչպիսի՞ն է ԵՄ դիրքրոշումը այդ առնչությամբ, Տոյվը Կլաարը շատ փակագծեր չբացեց։
«Առաջին հերթին, կարծում եմ կոնկրետ գյուղերի վերաբերյալ, որոնք դուք նշում եք, Հայաստանում նույնպես տարբեր պատկերացումներ կան, թե ինչպիսին է դրանց կարգավիճակը։ Սահմանազատման գործընթացում այդ հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն»,–ասել է նա։
Ինչ վերաբերվում է տարանցիկ երթուղիների հարցին, Կլաարը նշեց, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կամ նմանատիպ երթուղի Հայաստանի տարածքում լինելու պարագայում, այն պետք է գործի Հայաստանի օրենքներով և կանոնակարգերով։
«Այդպիսի լուծում ունենալը բնական է։ Անձամբ ես վստահ եմ, որ բավականին հեշտ է կամ պետք է հեշտ լինի առաջ շարժվել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանով անցնող տարանցիկ կապերի համաձայնեցման հարցում։ Կարծում եմ, որ սա շահեկան իրավիճակ է, առկա է շահեկան արդյունք բոլոր շահագրգիռ կողմերի համար»,–ասաց նա։
Կլաարը հույս հայտնեց, որ կկարողանան, բոլոր կողմերից որոշակի բարի կամքի դրսևորման դեպքում, իրական առաջընթաց գրանցել այս ոլորտում։ Նրա խոսքով՝ դա բխում է ոչ միայն Ադրբեջանի, այլև նաև Հայաստանի շահերից, «եթե մենք ունենանք երկաթուղի, որը Ադրբեջանից անցնում է Հայաստանով դեպի Նախիջևան, իսկ Նախիջևանից դեպի Գյումրի, և, ի վերջո, դեպի Կարս»,–ասաց նա։
Հավելենք՝ ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանը «օկուպացրել է 8 ադրբեջանական գյուղ»։