ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտով կներկայանա 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին։ Այս մասին վարչապետը հայտարարեց Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Առաջիկայում ես քննիչ հանձնաժողով պետք է գնամ 44–օրյա պատերազմի հարցով, ու ես հիմա շատ կենտրոնացած եմ այդ թեմայի վրա։ Մտածում եմ` ինչը ասեմ և ինչը չասեմ, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի, և երկիրը վնաս չկրի դրանից։ Դա շատ մեծ, հսկայական ինֆորմացիա է, որը պետք է հանրությունն իմանա»,–ասաց նա։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այս ընթացքում հանձնաժողովը ստացել է 4154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային ու գրաֆիկական փաստաթուղթ` ընդհանուր 14.000 էջից ավելի ծավալով։
Ուսումնասիրությանը մասնակցում են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացնում նաև պատերազմի մասնակիցներ և զոհվածների հարազատներ։
Հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մինչ օրս հանձնաժողովի նիստերին ներկայանալ հրաժարվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը (նա կալանքի տակ է,– խմբ.), ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը և պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։