Փաշինյանը Բելգրադի դպրոցում տեղի ունեցածի առնչությամբ ցավակցել է Սերբիայի նախագահին

Բելգրադի դպրոցում մայիսի 3-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին ցավակցական նամակ է հղել երկրում տեղի ունեցած ողբերգական միջադեպքերի առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Խորապես ցնցված եմ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում, ինչպես նաև Մլադենովացում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ողբերգական միջադեպերի մասին լուրերից: Այս ծանր պահին hայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,– ասված է նամակում:
Հիշեցնենք, որ Բելգրադի դպրոցում մայիսի 3-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ևս 7-ը վիրավոր են։ Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ ձերբակալվել է 14-ամյա դեռահաս, որը հոր ատրճանակի կիրառմամբ կրակ էր բացել։ Նշվում էր, որ հարձակում իրականացրած 7-րդ դասարանցի դեռահասը ենթադրաբար թմրանյութերի ազդեցության տակ է եղել, սակայն ոչ պաշտոնական տվյալներով`նա օրինակելի աշակերտ է, ծնողներն էլ բժիշկներ են։