ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. «Ռոսատոմ Հելսքեա» ստորաբաժանումը Հայաստանում նախատեսում է զարգացնել միջուկային բժշկության տեխնոլոգիաները և ընդլայնել ՀՀ–ի հետ այդ ոլորտում համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է պետկորպորացիայի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ հարցի շուրջ քննարկումը եղել է Երևանում, մայիսի 2-ին։ Հանդիպել են «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նույն հարցի շուրջ հանդիպում է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և «Ռուսատոմ Հելսքեա» ԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Օբրուբովի միջև։
Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում փոխգործակցության ռազմավարական ուղղություններին վերաբերող հարցեր՝ բժշկական ենթակառուցվածքի զարգացում, բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումների և ախտորոշման և թերապիայի համար նոր ռադիոֆարմացիոն դեղամիջոցների ներդրում:
«Մենք զգալի ներուժ ենք տեսնում Հայաստանի Հանրապետության հետ ռազմավարական գործընկերության զարգացման ու միջուկային բժշկության տեխնոլոգիաների ներդրման գործում։ Մեր ընդհանուր խնդիրն է արդյունավետ բարձր տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել մեր երկրների բժիշկների և հիվանդների լայն շրջանակի համար՝ կյանքի տևողությունը երկարաձգելու և կյանքի որակը բարձրացնելու համար»,- նշել է Իգոր Օբրուբովը։
Այսօր «Ռոսատոմն» արդեն իսկ շաբաթական կտրվածքով տեխնեցիում-99մ GT-4K/5K գեներատորներ և տեխնեցիում գեներատորների համար նախատեսված ապարատներ է մատակարարում Հայաստանի 5 բժշկական հաստատության։ Տեխնեցիում-99m GT-5K-ի գեներատորներն օգտագործվում են ուռուցքաբանական, սրտաբանական, նեյրոէնդոկրին և այլ հիվանդությունների ախտորոշման համար: Տեխնեցիում-99մ-ը միջուկային բժշկության մեջ ամենապահանջված իզոտոպն է, որի հիման վրա կատարվում է ախտորոշիչ ընթացակարգերի ավելի քան 80%-ը։
Բանակցությունների գործնական արդյունքը եղել է «Ռուսատոմ Հելսքեա» առողջապահության բաժնի ներկայացուցիչների և Հայաստանի բուժհաստատությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումը։ Դրա արդյունքներով կողմերը հաստատել են միջուկային բժշկության ոլորտում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման պատրաստակամությունը, մասնավորապես յոդաբուժության (I-131) և ռուսական արտադրության սամարիում-153 օքսաբիֆորով պալիատիվ թերապիայի ոլորտներում։
«Ռուսատոմ Հելսքեան» ստորաբաժանում է, որը կուտակում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի փորձը առողջապահության ոլորտում: Ընկերությունը ստեղծվել է «Ռոսատոմի» ձեռնարկությունների և ինստիտուտների հիման վրա՝ նպատակ ունենալով զարգացնել բժշկական տեխնոլոգիաները Ռուսաստանում և արտերկրում: