Խաղաղապահների միջոցով սնունդ ու դեղորայք է հասցվել Արցախից կտրված 4 գյուղեր

Վերջին օրերին սուր հումանիտար ճգնաժամ էր ստեղծվել, գյուղերում չկար առաջին անհրաժեշտության պարագաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՌԴ խաղաղապահների միջոցով Արցախի կառավարությունը կարողացել է մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել երկկողմանի արգելափակման մեջ հայտնված 4 գյուղեր։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին Արցախը Հայաստանին կապող մայրուղու վրա՝ Հակարիի կամրջի մոտ, Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել։ Դրա հետևանքով Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքները` Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող և Լիսագոր, հայտնվել են երկկողմանի արգելափակման մեջ՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի, թե՛ Հայաստանի հետ կապից:
«Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին, և վերջին օրերին սուր հումանիտար ճգնաժամ էր առաջացել այնտեղ՝ առանց առաջին անհրաժեշտության պարագաների որևէ պաշարի»,– տեղեկացնում է պետնախարարը։
Պետնախարարը հիշեցնում է, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը: Նշում է, որ հումանիտար մատակարարումները կատարվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ խիստ սահմանափակ ծավալներով: Փոխադրումների վերականգնման համար լրացուցիչ ջանքեր է գործադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը, անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը:
Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։