Կայացվել է սխալ որոշում․ Փաշինյանը՝ Երևանում «Նեմեսիս»- ի հուշարձանի տեղադրման մասին

Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացման ժամանակ
Փաշինյանի խոսքով` հուշարձանի տեղադրման որոշումը կայացվել է հուզական ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը կառավարությունը չի կայացրել, կայացրել են քաղաքային իշխանությունները, իսկ որոշումը և դրա իրականացումը եղել է սխալ։ Ինչպես գրում է «Արմենպրեսը», այս հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Մասնավորապես, Փաշինյանն անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմանը և դրա հետևանքով հայ-թուրքական հարաբերություններում առաջացած խնդիրներին։
«Եկեք արձանագրենք հետևյալը, որ կառավարությունը չի այդ որոշումը կայացրել, և ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է։ Եվ, եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ դա տեղի է ունեցել հուզական ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում և շատերը շատերին սպառնում էին դավաճանության համար գնդակահարել պատերի տակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով. Անկարան հուշարձանի բացումն անվանել է «սադրանք»։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումն իր տարածքով, «քանի դեռ սադրանքներ կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»։