ՀՀ նախագահը Մեծ Բրիտանիայում է. նա մասնակցելու է Չարլզ III–ի թագադրությանը

ՀՀ նախագահը Մեծ Բրիտանիայում է
Վահագն Խաչատուրյանը մասնակցելու է նաև Չարլզ III–ի անունից կազմակերպված ընդունելությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական կողմի հրավերով աշխատանքային այց է կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Չարլզ III–ի թագադրության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Այցի շրջանակում Խաչատուրյանը դասախոսությամբ է հանդես եկել Քեմբրիջի համալսարանում՝ նվիրված Հայաստանում և մեր տարածաշրջանում առկա մարտահրավերներին և փոփոխվող իրողություններին։ Դասախոսությունից հետո նախագահը շրջայց է կատարել համալսարանում»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ նախագահը կմասնակցի նաև Չարլզ III–ի անունից կազմակերպված ընդունելությանը։
Նախատեսվում է նախագահի հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք` Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրումը տեղի կունենա մայիսի 6–ին։