Հաջորդ շաբաթ կհանդիպե՞ն Պուտինն ու Փաշինյանը. Պեսկովն առաջարկել է առաջ չընկնել

Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը
Քննարկումներն ավարտին հասցնելուց հետ համապատասխան հայտարարություն կարվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հաջորդ շաբաթ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման վերաբերյալ որոշակի ծրագրեր քննարկվում են, սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պետք չէ առաջ ընկնել։ Քննարկվում են որոշակի ծրագրեր: Այս քննարկումն ավարտին հասցնելուն պես մենք համապատասխան հայտարարություն կանենք: Առայժմ դա վաղաժամ ենք համարում», - ասել է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում են բանակցություններ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ հաջորդ շաբաթ այցելելու է Մոսկվա։
Նա վերջին անգամ ՌԴ է մեկնել 2022–ի վերջին և դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի շրջանակում եռակողմ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա նաև առանձին խոսել ՌԴ նախագահի հետ: