Հայ մարզիկներն այսօր հաղթանակներ են տոնել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Արթուր Բազեյան. Արխիվային լուսանկար
Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցում է 11 մարզիկով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի, Sputnik- Խաչիկ Չախոյան. Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել Հայաստանը ներկայացնող երկու բռնցքամարտիկներ՝ 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 92կգ քաշային Նարեկ Մանասյանը։
Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Արթուր Բազեյանի մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Պոուրյա Աբդուլմալեկիջերաեին էր։ Բազեյանը շատ գրագետ մենամարտ անցկացրեց ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն՝ հաղթեց 5։0 հաշվով։
Նարեկ Մանասյանի մրցակիցն էլ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Վիլիամ Մբանգի Մուկուիենան էր։ Հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելություն ուներ բոլոր ռաունդներում։ Իսկ մենամարտի ավարտից 50 վայրկյան առաջ ռինգի մրցավարը ի նշան Մանասյանի ակնհայտ առավելության՝ դադարեցրեց մենամարտը, ու հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին։
Այսպիսով, մայիսի 5-ին երկու մենամարտ ունեցանք, և երկու հաղթանակ տոնեցինք։
Նշենք, որ բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցում է 11 մարզիկով:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+ կգ):
Բռնցքամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին:
Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանակով, մյուսները պարտվեցին և դուրս մնացին հետագա պայքարից