ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանը պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 2022 թվականի օգոստոսին ներկայացված ռուսական առաջարկը, որը Ադրբեջանը չի ընդունել։ Սակայն Ռուսաստանի կողմից այդ տարբերակը երկրորդ անգամ սեղանին դնելու գործընթաց չի եղել, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Արմենպրեսը»։
«2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը ներկայացրել է գրավոր առաջարկ, մենք ընդունել ենք, Ադրբեջանը մերժել է։ Մենք չենք տեսել Ռուսաստանի կողմից այդ տարբերակը երկրորդ անգամ սեղանին դնելու գործընթաց», - նշել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ ՌԴ առաջարկը նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետաձգում և տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայություն։
2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին այդպիսի փուլը մայիսի 1-4-ը ԱՄՆ-ում կայացած բանակցություններն էին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովի միջև։