ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների միջև հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ավելացման աշխատանքներն այլևս հնարավոր չէ կանդնեցնել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ՇՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները։
«Կա ըմբռնում ՇՀԿ անդամների միջև հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ավելացման մասին։ Դրա համար կարելի է կիրառել այն պրակտիկաները, որոնք այժմ ձևավորվում են և՛ Եվրասիական զարգացման բանկի շրջանակում, և՛ Վերակառուցման և՛ զարգացման ասիական բանկի շրջանակում, և՛ ԲՐԻԿՍ-ի զարգացման նոր բանկի շրջանակում։ Այդ ամենը քննարկվել է, այդ ամենը շատ արդիական է»,-ասել է նա։
Լավրովի խոսքով՝ այս ամենն այժմ դիտարկվում է պրոֆիլային գերատեսչությունների, ֆինանսների նախարարությունների, Կենտրոնական բանկերի կողմից։
ՌԴ արտգործնախարարը միևնույն ժամանակ հիշեցրել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի առաջարկը ԲՐԻԿՍ-ի շրջանակում սեփական արժույթներին անցնելու մասին: Լավրովը հեռանկարում չի բացառել ինչ-որ ագրեգացված արժույթի ստեղծումը։
«Հիմա ամենակարևորն այն է, որ դիտարկենք գործնական հարցեր, որոնք թույլ կտան ինքնուրույն, անկախ պետությունների համագործակցությունը պաշտպանել համաշխարհային տնտեսությունում Արևմուտքի գործողություններից, այդ թվում՝ ԱՄՆ-ի դոլարի` որպես պահուստային արժույթի, դիրքի չարաշահման գործողություններից»,- ամփոփել է ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան և Նյու Դելին քննարկում են ռուփիով փոխհաշվարկների խնդիրը, կողմերը քննարկում են այն հարցը, թե ինչպես կարելի է ՌԴ-ին պատկանող հնդկական ռուփիները այլ արժույթ տեղափոխել: