ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ասկերանում ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Մայիսի 5-ին, ժամը 10:55-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են իր ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ Ա.Վահանյանը (ծնված1971թ.) Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում` իրեն պատկանող նռան այգում «КТЗ-90» մակնիշի թրթուռավոր տրակտորով, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են տրակտորի ուղղությամբ։
Միջադեպի հետևանքով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։