Մեզ համար զգայուն հարց է «Նեմեսիս» կոթողի բացումը. Շենթոփը` Երևանի համար օդը փակելու մասին

Ալեն Սիմոնյանը Մուստաֆա Շենթոփի հետ հանդիպմանն ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվել դիվանագիտական անձնագրով հատել ցամաքային սահմանը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին, նրա հետ քննարկել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Պաշտոնական հանդիպումից առաջ 2 երկրի խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տևողությամբ առանձնազրույց են ունեցել:
«ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ: Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն էլ ընդգծել է, որ իր երկիրը ՍԾՏՀ ԽՎ-ում նախագահության շրջանակում փորձում է չեզոք լինել անդամ բոլոր երկրների հետ՝ հավելելով, որ այս պահին ևս անդամ երկրների շրջանում առկա են կոնֆլիկտներ»,– ասված է հաղորդագրությունում։
Ալեն Սիմոնյանը, ցավով անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի կողմից հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելուն, հույս է հայտնել, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի խնդրի լուծմանը:

Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերնիջել «Զվարթնոց» օդանավակայանում։

Ապրիլի 3–ին Թուրքիայի արտգործնախարարՄևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի համար իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար փակել է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացման պատճառով։

Մուստաֆա Շենթոփն ի պատասխան նշել է, որ իրենց համար զգայուն և ցավալի հարց է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողի բացումը, որով էլ պայմանավորված է վերոնշյալ արգելքը: ՀՀ ԱԺ նախագահը հակադարձել է, որ բազում պատճառներ կարելի է մատնանշել, որոնց հետևանքով բազմաթիվ գործընթացներ կանգ են առել, սակայն իր այցը նաև այս առումով առաջ շարժվելու ազդակ է պարունակում:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը Հայաստան և Թուրքիա այցելող 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար: Նա ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվել դիվանագիտական անձնագրով հատել ցամաքային սահմանն այս միջոցառմանը մասնակցելու համար:
«Չնայած մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումների տարբերությանը՝ հուսով ենք, որ այս հանդիպումը հիմք կծառայի հայ-թուրքական խորհրդարանական երկխոսություն հաստատելու և դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ հիմքեր ձևավորելու համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:
Մուստաֆա Շենթոփի խոսքով` Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Նրա համոզմամբ` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հնարավոր շուտափույթ հանգուցալուծումն օգուտ է ոչ միայն հակամարտող կողմերին, այլ ամբողջ տարածաշրջանին:
Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ հայկական կողմը խաղաղության օրակարգով է առաջնորդվում և չի շեղվելու այդ օրակարգից: Նա փաստել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ՝ վերահաստատելով, որ մեր երկրի նպատակն է տարածաշրջանում շարունակական խաղաղության ու կայունության հաստատումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Թուրքիա-Ադրբեջան դաշնակցային հարաբերություններին, ինչի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Բաքվի մոտեցումները կառուցողական չեն, վերջինս հանդես է գալիս առավելապաշտական դիրքերից:
Քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին և հետպատերազմական իրավիճակին առնչվող հարցեր:
Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնել` ամասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին։
Հայաստանից Անկարա են մեկնել նաև ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը։