ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ հավանություն է տվել Քարակերտի պողպատաձուլական գործարանի ներկայացրած գործարար ծրագրին ու նաև որոշ հարկային արտոնություններ տվել։
Որոշման նախագծի համաձայն, ծրագրի մեկնարկին հաջորդող 5 տարիներին գործարանի շահութահարկի կնվազեցվի ստեղծված նոր աշխատատեղերի աշխատավարձերի ու այլ վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը։
Ծրագրի շրջանակներում գործարանը խոստանում է իրականացնել 1․4 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2028 թվականը ստեղծել 85 նոր աշխատատեղ։
Գործարանի շինարարությունը սկսվել է 2021 թվականին։ Գործարկումը նախատեսված է 2023 թվականի մայիսի 15-ին։
Նորաստեղծ գործարանը օգտագործելու է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը, որը ժամանակին առանց ավելացված արժեքի արտահանվում էր Հայաստանի սահմաններից դուրս։
Նկատի ունենալով, որ Հայաստանում գոյություն չունեն մետաղական արտադրանք ստեղծող գործարաններ, չկա մետաղական ձուլակտորների սպառման հնարավորություն, ընկերությունը նախատեսում է արտադրանքը արտահանել Վրաստան, այնտեղ իրացնելու կամ այնտեղից դեպի ԵՄ և ԵԱՏՄ երկրներ վերարտահանելու նպատակով։
Գործարանը պատկանում է «Քարակերտի քարաձուլման գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը, որը հիմնադրվել է 1998 թվականին ՀՀ Արմավիրի մարզում և զբաղվում է մետաղական ձուլակտորների արտադրությամբ։
Ընկերությունը հայկական ամենախոշոր պողպատաձուլական ձեռնարկությունն է։