ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չինացի գործընկերոջ` Ցին Գանի հետ հանդիպմանը քննարկել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման խնդիրը, ինչպես նաև Մոսկվայի և Պեկինի հարաբերությունների զարգացման դինամիկան։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
Նախարարները հանդիպել են Հնդկաստանում ՇՀԿ–ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում։
«Նախարարները աճող աշխարհաքաղաքական անկայունության ֆոնին բարձր են գնահատել ռուս–չինական հարաբերությունների զարգացման դինամիկան։ Երկու երկրների արտգործնախարարները ներկայացրել են ՇՀԿ–ի գործունեության ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ իրենց գնահատականները։ Նախարարները ողջունել են անդամ պետությունների` Եվրասիայի խաղաղությանն ու կայունությանը ուղղված հավաքական ջանքերը, փաստել համաշխարհային գործերում կազմակերպության աճող հեղինակությունն ու նրա առանցքային նշանակությունը անվտանգության տարածաշրջանային ճարտարապետության մեջ», – ասվում է հաղորդագրությունում։
ՌԴ ԱԳՆ–ում հավելել են, որ քննարկվել են նաև մարտին երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր։
«Հաստատվել է ՄԱԿ–ի, ՇՀԿ–ի, ԲՐԻԿՍ–ի, ՌՀՉ–ի (Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան), «12-ի խմբի» և այլ առանցքային միջազգային կազմակերպությունների շրջանակում և երկխոսության մեխանիզմներում համատեղ համակարգումն ընդլայնելու համատեղ տրամադրվածությունը։ Մի շարք «թեժ» թեմաներ են քննարկվել, այդ թվում` ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը», – նշել են ՌԴ ԱԳՆ–ում։
Կողմերն ընդգծել են նեոգաղութատիրության ժամանակակից գործելակերպի անընդունելի լինելը, ինչը ապակառուցողական ազդեցություն է ունենում աշխարհի պետությունների մեծ մասի և միջազգային հարաբերությունների բոլոր ոլորտների զարգացման վրա։