ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Գրոսմայստեր Սամուել Սևյանը (ԱՄՆ) դարձել է Ջերմուկում անցկացվող մրցաշարի միանձնյա առաջատարը։
Նշենք, որ Ջերմուկում տեղի է ունեցել Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի երկրորդ տուրը։
Սևյանը սևերով հաղթանակ է տարել ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի նկատմամբ։ Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Հովհաննիսյանը 1.5 միավորով երկրորդ տեղում է, որը սպիտակներով առաջ է անցել գերմանացի Ֆրեդերիկ Սվանեից։
Նույնքան միավոր ունի հնդիկ Նարայանան, որը 2-րդ տուրում ոչ–ոքի է խաղացել իրանցի Ամին Տաբատաբաեի հետ։
Հայկ Մ․Մարտիրոսյանն էլ (Հայաստան) ոչ–ոքի է խաղացել Չեխիայի ներկայացուցիչ Նգույենի հետ և վաստակել 1 միավոր։ Արթուր Դավթյանը միավորը կիսել է ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևի հետ և ունի 0.5 միավոր։
Մրցաշարում կանցկացվի 9 մրցափուլ։ Մրցանակային հիմնադրամը 4 մլն դրամ է: Մրցաշարի գլխավոր հովանավորն է Ստեփան Ավագյանի ընտանիքը: