Հնարավոր է` Ստեփանավանում չեխական փոքր օդանավեր արտադրվեն. Չեխիայի վարչապետ

Չեխական համալսարաններից մեկում հայկական մշակույթի բաժին է բացվում, իսկ Կառլի համալսարանում էլ վերսկսելու են հայերեն ուսուցանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում` ավիացիայի։ Հայաստանի և Չեխիայի վարչապետների բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան` նշելով` հնարավոր է, որ Ստեփանավան քաղաքում արտադրվեն չեխական «Balus Tech» ընկերության փոքր օդանավեր:
«Չեխ–հայկական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստն է տեղի ունենալու այստեղ` Պրահայում, և այդ հանդիպման ժամանակ, բնականաբար, համագործակցության այլ ոլորտներ էլ կբացվեն»,– նշեց վարչապետ Ֆիալան։
Նա ուրախությամբ նշեց, որ հայերն ու չեխերն այսօր մեկմեկու ճանաչելու ավելի մեծ հնարավորություններ ունեն։ Վարչապետի խոսքով` Չեխիայի Մասարիկի համալսարանում այս տարվա փետրվարին Հայկական արվեստի և մշակույթի բաժին բացվեց և նաև Պրահայի Կառլի համալսարանում են ապագայում վերսկսելու դասավանդել հայոց լեզու։
Վարչապետ Ֆիալայի խոսքով` հրաշալի է, որ երկու երկրները տարբեր ոլորտներում են համագործակցում` մշակույթ, կրթություն, գիտահետազոտական աշխատանքներ և այլն։
Նշենք, որ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն անցյալ տարի այցելել էր Օլոմոուցում տեղակայված «TechProAviation» և «Balus Tech» ընկերություններ՝ տեղում ծանոթանալու Հայաստանում փոքր ինքնաթիռների արտադրություն հիմնելու ծրագրերին։
Հայկական ու չեխական կողմերի միջև նախնական պայմանավորվածության համաձայն` փոքրածավալ օդանավերի արտադրության մի մասը լինելու է Հայաստանում, մյուս բաղադրիչ մասերն ուղարկվելու են արտերկրից և վերջնական հավաքվելու են այստեղ։
Չեխական ընկերությունը խոստանում էր գործարանը շահագործել մինչև 2022–ի տարեվերջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն։
Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո նա կհանդիպի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:
Նախատեսված է այց Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն: