ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ի հեճուկս բոլոր ջանքերի` իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Դրա պատճառն այն է, որ չնայած հանրահայտը պայմանավորվածություններին Ադրբեջանը շարունակում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը` անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի սահմանին, ԼՂ ում և Լաչինի միջանցքում»,– հայտարարեց վաչապետը։
Անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը, ընդգծեց ՀՀ վարչապետը, 2020 թվականի նեյոմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարին կայացրած որոշման կոպիտ խախտում են։
«Արդեն 4 ամիս է` ԼՂ ժողովուրդը զրկված է ազատ տեղաշարժվելու իրավունքից, Ադրբեջանը խափանել է գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը, իսկ սնունդը ԼՂ –ում վաճառվում է կտրոններով։ Դա նշանակում է որ այնտեղ հաստատված է հումանիտար ճգնաժամ»,– նշեց վարչապետ Փաշինյանն ու հավելեց, որ հայկական կողմի գնահատմամբ` Ադրբեջանի գործողությունները ԼՂ հայերի էթնիկ զտում իրականցնելու նախապատրաստություն է։
Այս համատեքստում Հայաստանը միջազգային փաստահավաք խմբի ներկայությունը ԼՂ –ում ու Լաչինում համարում է անհրաժեշտ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։