ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հեշտ որոշում չի եղել։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում ելույթի ժամանակ։
Փաշինյանն ընդգծեց, որ մի կողմից առաքելությունն անվտանգության որևէ երաշխիք չի տալիս և միաժամանակ կարող է նոր մարտահրավերներ ստեղծել։ Մյուս կողմից էլ Հայաստանի համար կարևոր է, որ Հարավային Կովկասի նկատմամբ պահպանվի միջազգային հանրության ուշադրությունը։
Նրա խոսքով` միջազգային հանրության ուշադրությունն ամբողջությամբ սևեռված է ուկրաինական գործողությունների վրա, և դա լի է Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկերով։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը հետաքրքրված է հետագայում ԵՄ–ի հետ հարաբերությունները խորացնելու հարցում։
Հիշեցնենք` փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: