ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Պետեր Ֆիալան համատեղ հայտարարություն ստորագրեցին։ Հայտարարությունը վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ժողովրդավարական սկզբունքների խորացմանը և այլն։
Ամփոփելով բանակցությունների արդյունքները` Չեխիայի կառավարության ղեկավար Պետեր Ֆիալան հույս հայտնեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը կընդլայնվի և կխորանա տարբեր ոլորտներում։ Նա ընդգծեց` Հայաստանը և Չեխիան ժողովրդավարական միևնույնարժեքների կրողներն են` շեշտելով, որսա ոչ թե ինքնանպատակ է ասում, այլև հաշվի առնելով Հայաստանի դերը տարածաշրջանում։
«Մենք պետք է նաև գնահատենք այն հանգամանքը, որ Եվրոպական խորհրդարանն այս տարի մարտին զեկույց հրապարակեց, որում ընդգծեց` Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է։ Մենք պետք է անպայման սատարենք երկրին։Համոզված եմ, որ դրա արտացոլումը կտեսնենք երկու երկրների, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում»,– նշեց Չեխիայի վարչապետը։
Նա հավելեց, որ Հայաստանն առաջ է գնում, ավելի բարձրացնում իր դիրքերը։
Չեխիայի վարչապետը հիշեցրեց, որ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Պրահան դարձավ այն վայրերից մեկը, որտեղ փորձ է կատարվել քայլ կատարել դեպի առաջ հայ–ադրբեջանական հարաբերություններում»,– նշեց վարչապետ Ֆիալան։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 4-5-ը պաշտոնական այցով գտնվելու է Չեխիայի Հանրապետությունում: