Երևանում հայտնաբերվել և կալանավորվել է ՌԴ-ում ահաբեկչության համար մեղադրվող 17-ամյա անձը

Կալանք. Արխիվային լուսանկար
ՆԳ նախարարությունից հայտնել են, որ երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Երևանում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի, 17-ամյա Յարոսլավ Ի-ն, որը մեղադրվում է ահաբեկչության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քրեական հետախույզները 17-ամյա երիտասարդին հայտնաբերել են Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկում, ինչից հետո ձերբակալել և բաժին են ներկայացրել։
«Խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նա փետրվարի 17-ից ՌԴ Վոլգոգրադի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ահաբեկչության մեղադրանքով»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտնաբերման մասին հայտնել են հետախուզումը նախաձեռնողին։
Նշենք, որ որոշ Telegram ալիքներ, վկայակոչելով երիտասարդի մորը, գրում են, թե ոստիկանությունն արդեն ազատ է արձակել Հայաստանում կալանավորված Յարոսլավ Ինոզեմցևին, որին դատապարտել էին դպրոցի վրա հարձակում գործելու համար։ Թե ինչ է պատրաստվում ձեռնարկել ՀՀ ոստիկանությունը, Ինոզեմցևի մայրը չգիտի։