ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը, որին, նախնական հաշվարկներով, կմասնակցի 5-7 հազար մարդ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Անմահ գունդն արտերկրում» պատմամշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր, գործադիր տնօրեն Էդմոն Հովհաննիսյանը։
Էդմոն Հովհաննիսյան
© Sputnik / Asatur Yesayants
Նա տեղեկացրեց, որ երթը կմեկնարկի ժամը 12:00-ին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուն հարակից տարածքից: Այնուհետև ակցիայի մասնակիցները կշարժվեն դեպի Հաղթանակի զբոսայգի` անմար կրակի մոտ։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ ակցիայի նպատակն է հիշեցնել հայ ժողովրդի սխրանքների և Հայրենական պատերազմում ունեցած ավանդի մասին:
«Նրանք մեր պապերն են, ծնողները, նրանք հիմա էլ իրենց օրինակով ցույց են տալիս, թե ինչպես է պետք պաշտպանել հայրենիքը»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ակցիան քաղաքական չէ և անցյալն ու ներկան միավորելու նպատակ ունի: Այս պահին Հայաստանում ապրում է 67 վետերան, նրանցից ամենատարեցը 103 տարեկան է: Զանազան միջոցառումներին ակտիվ մասնակցություն են ունենում միայն 8–ը։ Այս ակցիային նրանք նույնպես կմասնակցեն, սակայն վետերաններին Անմար կրակի մոտ կտեղափոխեն մեքենաներով։ Երթին մասնակցող երեխաներին անվճար կբաժանեն ատրակցիոնների տոմսեր և պաղպաղակ:
Ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանն իր հերթին հիշեցրեց, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանում ապրել է 1,5 մլն քաղաքացի, որոնցից 600 հազարը մեկնել են ռազմաճակատ` պաշտպանելու Հայաստանն ու Մեծ հայրենիքը: Ավելի քան 100 հազար հայեր զորակոչվել են հակահիտլերյան կոալիցիայի երկրների զինված ուժեր։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են վեց հայկական ազգային դիվիզիաներ, որոնցից հինգը կազմավորվել են արդեն պատերազմի սկսվելուց հետո:
«Անհնար է մոռանալ նրանց սխրանքներն ու հերոսությունները, մենք պարտավոր ենք ամեն օր հիշել այդ մասին»,- ասաց Հովհաննիսյանը:
Ռեժիսորը հիշեց նաև հռչակավոր 89-րդ Կարմիր դրոշի Թամանյան հրաձգային դիվիզիայի մասին, որը կազմավորվել է Երևանում 1941 թվականի դեկտեմբերին։ Դիվիզիան իր ռազմական ուղին սկսել է Կովկասի նախալեռներում և մասնակցել է Սևաստոպոլի, Բալակլավայի, Կերչի ազատագրմանը։ Թամանյան թերակղզում ցուցաբերած հերոսության համար դիվիզիային շնորհվել է «Թամանյան» պատվավոր անվանումը։
Ռուբեն Հովհաննիսյան
© Sputnik / Asatur Yesayants
Ամբողջ պատերազմի ընթացքում դիվիզիան ավելի քան 900 բնակավայր է ազատագրել։ Գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ 89-րդ դիվիզիան առաջիններից մեկն է հատել ԽՍՀՄ սահմանը, անցել ամբողջ Լեհաստանով և 1945-ի գարնանը մտել Երրորդ Ռեյխի մայրաքաղաք։ Բեռլինում գերմանական կայազորը պարտության մատնելու համար դիվիզիային շնորհվել է Կուտուզովի երկրորդ աստիճանի շքանշան։
Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի համար շրջադարձային էր նաև Ստալինգրադի հաղթանակը: Ամենամեծ և ամենադաժան մարտերից մեկը սկիզբ դրեց Հայրենական մեծ պատերազմի ընթացքում արմատական փոփոխությանը։ Հայաստանում լավ գիտեն, որ Վոլգայի ճակատամարտում վճռվում էր նաև Կովկասի ճակատագիրը։ Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակը կանխեց Գերմանիայի դաշնակից Թուրքիայի` Խորհրդային Հայաստանի վրա հարձակվելու ծրագրերը, ինչը թույլ տվեց խուսափել սարսափելի աղետից։