ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը հաստատեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրության արդյունքները: Բուհի նոր ռեկտորն արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սառա Նալբանդյանն է:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության նիստում ներկայացրեց բուհի նորանշանակ ռեկտորին։
«Տևական ժամանակ է՝ բուհում ունեինք ժամանակավոր պաշտոնակատար։ Ապրիլի 20-ին հոգաբարձուների խորհուրդը վերջապես նոր ռեկտոր ընտրեց Սառա Նալբանդյանին, որն արվեստագիտության թեկնածու է, դոցենտ, ունի արտերկրի բուհերի հետ համագործակցության մեծ փորձառություն, բավականին երկար աշխատանքային փորձ»,- ասաց նախարարը։
Սառա Նալբանդյանը վստահության համար շնորհակալություն հայտնեց ԵԹԿՊ-ի հոգաբարձուների խորհրդին և նշեց, որ աշխատանքի ընթացքում վերանայելու է բուհի կրթական ծրագրերն ու դասավանդման մեթոդները, թարմացնելու է մասնագիտական գրականության բազան ու գրադարանը։
«Միջազգայնացնելու եմ բուհը, քանի որ արվեստագետը չի կարող ստեղծագործել՝ կտրված լինելով համաշխարհային պրոցեսներից»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ բուհը փոքր է, ունի 600 ուսանող և երկու մասնաճյուղ Վանաձորում ու Գյումրիում։
Հիշեցնենք` Սառա Նալբանդյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել ապրիլի 20-ին։ Մինչ այդ բուհը ղեկավարում էր բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը։