ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Բաքուն և Երևանը զգալի առաջընթաց են գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի կնքման գործում: Այս մասին ԱՄՆ–ում տեղի ունեցած բանակցությունների շարքից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Վերջին մի քանի օրվա ընթացքում 2 կողմն էլ մի քանի շատ բարդ հարց է քննարկել և զգալի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրի կնքման գործում: Վստահ եմ` գոյություն ունի համաձայնագիր տեսանելիության սահմաններում, հասանելիության սահմաններում։ Այդ համաձայնագրի ձեռքբերումը, կարծում եմ, ոչ միայն հնարավոր կլինի, այլև խորապես կհամապատասխանի Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների շահերին և շատ դրական հետևանքներ կունենա նույնիսկ երկու երկրների սահմաններից դուրս։ Կարծում եմ, որ բանակցությունների տեմպերը և այն հիմքը, որ դրել են մեր գործընկերները, ցույց են տալիս, որ մենք իսկապես մոտ ենք համաձայնությանը»,– ասել է Բլինկենը։
Բլինկենի կարծիքով` երկխոսությունն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից խոստովանություն է, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը բանակցության միջոցով է:
Նա շեշտել է` ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարն է, բայց Միացյալ Նահանգներն այստեղ է, որպեսզի շարունակի օգնել Հայաստանին և Ադրբեջանին հատել վերջնագիծը։ ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով` իրենք շատ մոտ են դրան։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2022–ի դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ ժամանակվանից սկսած հարցը մտավ փակուղի։
2023–ի ապրիլի 20–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում լրագրողներին ասաց, որ ինքը հավատում է խաղաղության օրակարգին, սակայն կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։
Ապրիլի 27–ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Հայաստանին բանակցությունների սեղանի շուրջ է վերադարձրել Ամերիկայի Միացյալ Նահանգները։
Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացav Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։