ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Սուդանում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի համար։ Այս մասին տեղեկանում են նախագահի տարածած հայտարարությունից։
«Այսօր նոր հրամանագիր եմ ստորագրել, որն ընդլայնում է ԱՄՆ–ի լիազորությունները ապրիլի 15-ին սկսված բռնությանը պատասխանելու համար, պատժամիջոցներ սահմանում այն անձանց համար, որոնք պատասխանատու են Սուդանում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը սպառնացող վտանգի համար», – ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված` նախագահի հայտարարության մեջ։
Սուդանում ապրիլի15-ից մարտեր են ընթանում արագ արձագանքման ուժերի՝ Մուհամեդ Համդան Դագլոյի հրամանատարությամբ, և կանոնավոր բանակի միջև: Սուդանում հակառակորդ ուժերը հակասական հայտարարություններ են փոխանակում ռազմական գործողություններում հաջողությունների և օբյեկտների վերահսկողության վերաբերյալ՝ զանգվածային տեղեկատվական պատերազմ ծավալելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում:
Սուդանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 550-ի, վիրավորվել է գրեթե 4,9 հազար մարդ: