Ալեն Սիմոնյանը Թուրքիայում բարձրացնելու է օդային տարածքի բացման հարցը. Խանդանյան

Սարգիս Խանդանյան
Ըստ ՔՊ–ական պատգամավորի` խնդիրը ոչ թե արձանի ապամոնտաժման հարցն է, այլ ինչպես անել, որ օդային տարածքը բացվի հայկական ավիափոխադրումների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Անկարայում Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի հետ է հանդիպելու և բարձրացնելու է հայկական ավիափոխադրումների համար օդային տարածքի բացման հարցը։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` անդրադառնալով Անկարայի կողմից Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա հայկական ավիափոխադրողների թռիչքներ իրականացնելու արգելքին։
Անկարան արգելքը պատճառաբանել էր Հայաստանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով՝ այն որակելով որպես «սադրանք»։
«Միայն թե մեզ չասեն, որ մենք դավաճան ենք». Փաշինյանը` «Նեմեսիս» արձանի մասին
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է արձանն ապամոնտաժվի` Խանդանյանը պատասխանեց.
«Այստեղ խնդիրը ոչ թե արձանի ապամոնտաժման հարցն է, այլ ինչպես անել, որ օդային տարածքը բացվի հայկական ավիափոխադրումների համար, և սրա շուրջ աշխատանք պետք է տարվի։ Պետք է հասցեագրել իսկական խնդիրները, իսկ այս պահին իրական խնդիրը այն է, որ ՀՀ ավիափոխադրողները չեն կարողանում Թուրքիայի տարածքով իրենց գործունեությունը ծավալել, ինչը խնդիր է ստեղծում մեր քաղաքացիների համար»,–ասաց Խանդանյանը։
Նշենք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերը վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։