3 տարվա ընթացքում 100-ից ավելի գողություններ են կատարել. 13 անձի մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտե
Խմբի անդամները տեխնիկական միջոցների գործադրմամբ ապօրինի մուտք են գործել բնակարաններ, առևտրի սրահներ և գողություններ կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. 13 անձ մեղադրվում է 155 դրվագ բնակարանային գողության, կողոպուտի և ավազակային հարձակման համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2019 թվականից մինչև 2022 թվականն ընկած ժամանակահատվածում 13 անձից բաղկացած խումբը նշված հանցագործությունները կատարել է Երևան քաղաքում և մարզերում։
Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում մի շարք մանրամասներ են բացահայտվել։
«Տեխնիկական միջոցների գործադրմամբ, խմբի անդամները ապօրինի մուտք են գործել ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող առևտրի սրահներ, անձանց պատկանող բնակարաններ, որտեղից ընդհանուր կատարել են 100 դրվագից ավելի գողություններ, ինչպես նաև կատարել են մեկական կողոպուտ և ավազակային հարձակում:
Վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ հսկող դատախազի որոշմամբ վերը նշված բազմաթիվ դրվագներով հանցանքների կատարման համար նշված անձանց նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Քրեական վարույթից 13 մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ: