ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Երևանում բնակվող տարեց կույր տղամարդը, որի պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերի հայկական տիրույթում, արդեն տեղափոխվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) ենթակայությամբ գործող կենտրոններից մեկը։
Նշենք, որ օրեր առաջ սոցցանցերում տարածվեց տարեց կույր տղամարդու պատմությունը, որը մի ամբողջ օր տնից չէր կարողացել հասնել խանութ տարածքում չկողմնորոշվելու պատճառով։ Խնդիրը բարձրացրած երիտասարդ աղջիկն ահազանգել էր պատկան մարմիններին և հորդորել արձագանքել։ Աղջիկը նշել էր, որ իր ունեցած տեղեկության համաձայն` 2 տարի առաջ տղամարդուն փողոցում ծեծել են, որից հետո նա կուրացել է։
«Թեպետ այս փուլում փաստաթղթերի ամբողջացման գործընթացում ենք, բայց քաղաքացին արդեն իսկ մեր խնամքի ներքո է, երեկ տեղափոխել ենք հաստատություններից մեկը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։
Նա նշեց, որ գրառումից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սկսել են հետաքրքրվել խնդրով, նույնականացրել քաղաքացուն, գնահատել կարիքներն ու անհրաժեշտ ծառայություններ մատուցել։
Քանի որ նման դեպքերը բացառիկ չեն, Sputnik Արմենիան փորձել է նաև պարզել, թե քաղաքացին, որը փողոցում կամ այլ վայրում հանդիպում է նման իրավիճակի, ինչ կարող է անել։
«Յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը 114 թեժ գծի միջոցով և խնդիր բարձրացնել։ Մատուցվող ծառայության տեսակը կորոշվի Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների կողմից գնահատում կատարելուց հետո»,–ասաց Մանուչարյանը։
Նա հավելեց, որ նախարարության կողմից այսօր տնային պայմաններում իրականացվում են և՛ շուրջօրյա, և՛ ցերեկային խնամքի ծառայություններ։ Միաժամանակ նախարարությունն ունի նաև անօթևանների կացարանի ծառայությունը, որը տրամադրվում է բնակության վայր չունեցող քաղաքացիներին` անկախ տարիքից։
Այս պահին անօթևանների կացարանում խնամք է ստանում 100 քաղաքացի։ Դրանից բացի, տնային պայմաններում խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1250, ցերեկային խնամքի կենտրոններում` 1200 քաղաքացի։ Եվս 1190 մարդ էլ ապրում է շուրջօրյա խնամքի կենտրոններում` տուն–ինտերնատներում։