ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել Հայ–ռուսական համալսարանի մասին համաձայնագրի նախագծին։ Տեղեկությունը նշված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջում։
Փաստաթղթում ամրագրված են համալսարանի անելիքները։
«Դրանց թվում են ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի հանրահռչակման համար կրթական միջոցառումների անցկացումը, ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման կենտրոնի ստեղծումն ու զարգացումը, ռուսական կրթության ցուցահանդեսների և տոնավաճառների անցկացումը, համաշխարհային հումանիտար և գիտատեխնիկական ոլորտներում ՀՀ-ում ՌԴ դերի և ազդեցության ուժեղացումը և այլն»,– նշված է ՌԴ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ համալսարանի շրջանավարտների ռուսերեն և հայերեն լեզուների իմացության մակարդակը պետք է բավարարի հաղորդակցման պահանջները և թույլ տա նրանց մասնագիտական գործունեություն ծավալել:
Փաստաթուղթը սահմանում է նաև համալսարան ընդունվելու կանոնները, համալսարանի միջազգային համագործակցությանը, ֆինանսավորմանն ու գնումների վերաբերող հարցերը։
ՌԴ կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվել է բանակցություններ վարել հայկական կողմի հետ և պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո համաձայնագիր ստորագրել ռուսական կառավարության անունից: