Նուռնուսում 51-ամյա քաղաքացին ձորն է ընկել

Դժվարամատչելի տեղանքից քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում այսօր քաղաքացին մոտ 400 մետր բարձրությունից ձորն է ընկել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայության լրատվության բաժինը։
Նշվում է, որ Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է 16։43-ին։ Նշվել է, որ գյուղի ամառանոցների մոտակայքում դժվարամատչելի տեղանքից քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները, պարեկային ծառայության և շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ 51-ամյա Ս. Բ.-ին դուրս են բերել ձորից։ Քաղաքացին վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: