ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով»,– ասված է հաղորդագրությունում:
Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:
Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն: