ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ջրային պարեկային ծառայողները 2 օր է`քննություններ են հանձնում, արդեն իսկ դրական արդյունքներ կան։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Ծառայությունը լինելու է վաշտի կարգավիճակով, կազմված է լինելու 95 անձից, լինելու է 4 հենակետ, մոդուլային տնակներ էլ են նախատեսված։ Վահե Ղազարյանը շեշտեց` ՆԳՆ–ն գնումներ է կազմակերպել համապատասխան տեխնիկա և համազգեստ ձեռք բերելու նպատակով։
«Առաջիկայում նպատակ ունենք 2 մոտորանավակ ձեռք բերել, որպեսզի ծառայություն իրականացնեն Սևանա լճում։ Ջրային պարեկները նաև կօժանդակեն այլ գերատեսչություններին, հատկապես Սևանա լճում ապօրինի ձկնագողության մասով։ Ամռանը պատրաստվում ենք արդեն սկսել պրակտիկա անցկացնել Սևանա լճում և ափամերձ տարածքներում։ Երեկ և այսօր Օլիմպավանում քննություններն են սկսվել, դրական արդյունքներ արդեն ունենք»,– ասաց ՆԳ նախարարը։
Նշենք, որ ջրային պարեկներն ընտրվելու են պարեկային ծառայողների շարքերից, որոնք վերապատրաստվելու են, ձեռք են բերելու անհրաժեշտ գիտելիքներ` ջրային փոխադրամիջոցներ վարելու հմտությունից մինչև փրկարարական օգնություն: