ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 37 հազար 612 դեպք։ Տեղեկությունն ԱԺ–ում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` ներկայացնելով 2022 թվականի իրենց գործունեության մասին հաղորդումը։
«2022 թվականին արձանագրված հանցագործության դեպքերից 21 604-ը կատարվել է Երևանում։ Նախորդ տարվա համեմատությամբ հանցավորության դեպքերն աճել են 7367-ով կամ 24.4 %-ով։ 2022 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների աճ։ 2021 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2831-ով, միջին ծանրության դեպքերը` 2383-ով, ծանր հանցագործությունների դեպքերը` 633-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն էլ աճել են 530-ով»,– ասաց Վարդապետյանը։
Առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճի կապակցությամբ նա նշեց, որ 530-ով ավելացած դեպքերից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում հանցագործություն չէին համարվում։ 2022 թվականին առանց հանկարծամահության դեպքերի հաշվառման կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով է ավելի նախորդ տարվա ցուցանիշից։
Նախորդ տարի աճել է նաև մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը։ Սպանությունների դեպքերի թիվն առանց հանկարծամահության դեպքերի թվի 2022–ին կազմել է 58` նախորդ տարվա 60-ից դիմաց։ Երևանում սպանությունների թվերը պակասել են 8-ով, իսկ մարզերում աճել է 6-ով։ Սպանությունների մեծ մասը կատարվել են կենցաղային կամ միջանձնային հարաբերությունների հողի վրա։
2022 թվականին 2021 թվականի համեմատ 280-ով կամ 154,7 տոկոսով աճել են համակարգչային տեխնիկայի գործադրմամբ կատարված հափշտակությունները։ Նվազել է նշված հանցատեսակի բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 5,5 տոկոս 2021 թվականի 16,3 տոկոսի համեմատ։
Հաշվետու տարում ինքնասպանությունների թիվը նվազել է` կազմելով 188 2021-ի 191-ի դիմաց։ Նրանցից 69-ը գործազուրկ կամ թոշակառու են։