ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ քաղավիացիական ավիացիայի կոմիտեն թուրքական կողմից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել օդային տարածքի փակման մասին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քաղավիացիայի մամուլի ծառայությունից։
Հայտնել ենք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերն իջել «Զվարթնոց» օդանավակայանում։
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։
Ապրիլի 25-ին Երևանում բացվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ հաշվեհարդար կատարած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը:
«Նեմեսիսի» նպատակն էր ոչնչացնել երիտթուրքերի պարագլուխներին, որոնք կազմակերպել էին Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:
Հուշահամալիրը խորհրդանշում է արժանապատվությունը, արդարադատությունը և պատժի անխուսափելիությունը։
Հիշեցնենք, որ արձանը տեղադրելու որոշումը կայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանի ավագանու նիստում: