ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) դիտարկել է հեղուկ գազի շուկայի գնային փոփոխությունները և մրցակցային իրավախախտումներ չի հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։
Ավելին` հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ շուկան խիստ մրցակցային է։
«Խոշոր տնտեսվարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսվարող սուբյեկտ։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս հեղուկ գազի գների կտրուկ բարձրացում արձանագրվեց։ 1 կգ–ի համար նախկին 110-120 դրամի փոխարեն հեղուկ գազի կիլոգրամը դարձավ 200 դրամ։
Ի դեպ, նախքան այս բարձրացումը հեղուկ գազի շուկայում գների կտրուկ անկում էր նկատվում։ Եթե սովորաբար գազի գինը տատանվել է 1 կգ-ի համար 180-220 դրամի շրջանակում, ապա էժանանալուց հետո այն կազմում էր 110 դրամ։
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ գնանկումը արհեստական է եղել` պայմանավորված շուկայում հեղուկ գազի վաճառքով զբաղվող կազմակերպությունների մեծ քանակով, գուցե նաև մրցակից կազմակերպություններին դուրս մղելու նպատակով։ Հետևաբար այս բարձրացումը, ամենայն հավանականությամբ, գների կարգավորման համար է։