ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայկական կողմը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան առաջարկներ չի ստացել, հետևաբար անիմաստ է խոսել այն մասին, որ այդ առաջարկներն ընդունելով` Երևանը մերժել է ռուսական տարբերակը։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։
Վարչապետը շեշտեց` Երևանը հարաբերությունների կարգավորման առաջարկներ ստացել է ռուսական կողմից և ընդունել է դրանք։ Նա նշեց, որ այդ մասին խոսել է նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպման հրապարակային հատվածում։
«Արևմուտքից առաջարկ չի եղել, որը դեռ բովանդակությամբ էլ հակասի ռուսականին, և Պրահայի հարթակում մենք վերահաստատել ենք, որ ճանաչում ենք երկրների տարածքային ամբողջականությունը։ Ես այստեղ հակասություն չեմ տեսնում»,– նշեց վարչապետը։
Նրա խոսքով` տարածքային ամբողջականության սկզբունքը, որն ամենից հաճախ է քննարկման առարկա դառնում, միշտ էլ ընդունված է եղել։ Հիշատակեց Մադրիդյան սկզբունքները, որոնցով, ըստ Փաշինյանի, Հայաստանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Հիմա ասում են` բա՞ ինքնորոշումը։ Ինքնորոշման պրոբլեմատիկայի մասին մենք անընդհատ խոսում ենք»,– ասաց Փաշինյանը։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրեր առաջ ասել էր, որ Հայաստանի կառավարությունը տարբերություն չի դնում հարթակների միջև, թե որ երկրի հովանու ներքո կանցկացվեն խաղաղության գործընթացին վերաբերող բանակցությունները։
Մայիսի 2-ին էլ ԱԺ–ում ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանն առաջ տարավ նույն թեզը` նշելով, որ անկյունաքարային հարցերի շուրջ թե՛ Մոսկվայում, թե՛ Վաշինգտոնում Արցախի հարցի վերաբերյալ տեղի ունեցող բանակցությունների բովանդակությունը նույնն է: