ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ գործը։
Տեղեկությունը հայտնում են Դատական իշխանությունից։
Նախնական դատական լսումներ են նշանակվել մայիսի 8-ին, ժամը՝ 15։00-ին։ Նիստը տեղի կունենա դռնփակ կարգով։
Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ),իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
Մեղադրանք է ներկայացվել նաև «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում) և ևս 9 անձի: