Արտահանձնում դեռ չի կարելի. Վարդապետյանը` Սյունիքի մարզ ներխուժած ադրբեջանցիների մասին

Սյունիքի մարզ ներխուժած ադրբեջանցիներից մեկը
Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով, Ադրբեջանի դեպքում դրանք Մոսկվայի 1998 թվականի և Ստրասբուրգի կոնվենցիաներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնք ներխուժած 2 ադրբեջանցու արտահանձնում մինչդատական վարույթի ընթացքում չի կարելի և չի լինում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Դա կարող է լինել միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում։ Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով։ Ադրբեջանի դեպքում դրանք Մոսկվայի 1998 թվականի և Ստրասբուրգի կոնվենցիաներն են»,– ասաց Վարդապետյանը։
Նա հիշեցրեց, որ այդ երկու անձանցից մեկի վերաբերյալ վարույթն արդեն ավարտվել է և գործը դատարանում է, իսկ մյուսի վերաբերյալ քննությունը դեռ շարունակվում է։ Վերջինս մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեջ։
Գործի վերաբերյալ Վարդապետյանը նշեց, որ որքանով հնարավոր է եղել, մանրամասն հրապարակում են արել, սակայն դա արել են 1 օր ուշ։ Նա բացատրեց, թե ինչու է այդպես եղել` որպեսզի ավելորդ շահարկումներ չլինեն: Գործը եղել է Սյունիքի մարզում, մյուս մասը քննվում էր ԱԱԾ–ում։ Նրա խոսքով` հիմք ընդունելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ անհրաժեշտությունը` գլխավոր դատախազը բացառիկ հնարավորություն ունի մի քննչական մարմնից գործը հանձնել մեկ այլ քննչական մարմնի։ Այսպիսով` գործը Սյունիքից ֆիզիկապես փոխանցվել է Երևան և հանձնվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել։ Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։ Ավելին, նրանցից մեկը մեղադրվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող տղամարդու սպանության մեջ։