ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարությունն իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ: Այս մասին նրանք հայտնել են Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» հարցմանն ի պատասխան։
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը լավ կլիներ ողջ տարածաշրջանի համար։ Մենք հիասթափությամբ ի գիտություն ընդունեցինք Թուրքիայի հայտարարությունն իր տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին։ Ավելի վաղ երկրների միջև ձեռք բերված համաձայնություններն ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ դարձել են վստահության ամրապնդման կարևոր միջոցներ»,–ասված է պատասխանում։
Պետդեպարտամենտից անկեղծորեն հույս են հայտնել, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային հաղորդակցությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով. Անկարան հուշարձանի բացումն անվանել է «սադրանք»։