Ալեքսանյանը հաղթեց մեկ ոտքով, Ամոյանը` վերջին վայրկյանին. ըմբիշներն ամփոփում են ԵԱ–ն

Արթուր Ալեքսանյան
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանն ու օլիմպիական խաղերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, որը կայանալու է սեպտեմբերին, հունահռոմեական ոճի հայ ըմբիշների մեդալներն ավելի շատ կլինեն։ Այսօր լրագրողների հետ զրույցում խոստացան հավաքականի մարզիչները։
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից Հայաստան է վերադարձել է 3 մեդալով` 2 ոսկե և 1 բրոնզե։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը դժգոհ չէ արդյունքներից, բայց կարծում է, որ նրանք ավելի լավ կարող էին հանդես գալ։
Անդրադառնալով օլիմպիական խաղերի չեմպիոն, այս առաջնությունում 6-րդ անգամ ոսկե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանի ելույթներին` նա մեկ բառով գնահատեց դրանք` գերազանց էին։
«Կարելի է ասել` Արթուրը մեկ ոտքով հաղթեց եզրափակիչում, քանի որ առաջին վայրկյաններից մրցակիցը հարվածեց նրա ոտքին, անգամ հեմատոմա առաջացավ, բայց Արթուրը բնավորություն ցույց տվեց, ինչպես միշտ է անում, ու հաղթեց անգամ վնասվածքով»,– ասաց Բաբալարյանը:
Արթուր Ալեքսանյանն էլ խոստացավ` ամեն ինչ անելու է, որ սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունից, հետո նաև օլիմպիական խաղերից կրկին ոսկե մեդալով վերադառնա։
«Նպատակ ունեմ Փարիզում անել այն, ինչը չստացվեց Տոկիոյում: Շատ ցավով եմ հիշում Տոկիոյի օլիմպիական խաղերը, քանի որ լավ մարզավիճակում էի ու պատրաստ էի օլիմպիական կրկնակի չեմպիոն դառնալ, բայց կիսաեզրափակիչում ստացածս վնասվածքն ինձ խանգարեց»,- ասաց «Սպիտակ արջը»։
Մարզիչը գոհ է նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանի ելույթներից, որը, ըստ նրա, նույնպես դրսևորեց չեմպիոնական բնավորություն` մրցակցին հաղթելով վերջին վայրկյաններին։
«Ներքին ձայնս ինձ հուշում էր, որ Մալխասը չի պարտվելու: Հաղթելու ցանկությունը մեծ էր ու մինչև վերջին վայրկյանը նա պայքարեց, մեծ կամք դրսևորեց ու հաղթեց»,– նշեց մարզիչը։
Հայ մարզիկները հանդես էին գալիս բոլոր 10 քաշային կարգերում։ 23–ամյա Հրաչյա Պողոսյանը մրցումների արդյունքում նվաճեց բրոնզե մեդալ։ Սա նրա առաջին մեդալն էր մեծահասակների առաջնությունում։
«Վերջին գոտեմարտը ինձ համար շատ տպավորիչ էր, որովհետև երկու տարի անընդմեջ երրորդ տեղի համար պայքարում պարտվել եմ, ու սա իմ երազանքն էր, որ կատարվեց»,– նշեց նա ու հավելեց, որ ամեն ինչ անելու է մյուս անգամ ոսկի մեդալ նվաճելու համար։
Հավաքականի գլխավոր մարզիչը հայտնեց, որ մեկ ամսից հունահռոմեական ոճի ըմբիշներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում, իսկ մինչ այդ՝ մայիսի վերջին, Հայաստանում միջազգային մրցաշար կանցկացվի` նվիրված աշխարհի առաջին հայ չեմպիոն Բենուր Փաշայանին: