Փայլուն մոդելավորող, համաշխարհային նորաձևության ճանաչված վարպետ: Նրա հանդերձանքները կրել են շոու-բիզնեսի, թատրոնի և կինոյի աստղերը, իսկ նրա ցուցադրությունները միշտ մեծ ուշադրություն են գրավել։
Սա մի հատված է հայտնի դիզայներ, հեռուստահաղորդավար Վալենտին Յուդաշկինի մահվան մասին ռուսաստանյան «Առաջին ալիքի» հաղորդագրությունից։
Վալենտին Յուդաշկինը ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայի շրջանի Բակովկա ավանում։ 1991 թվականին Փարիզում ներկայացվեց Յուդաշկինի առաջին հավաքածուն, որը բաղկացած էր 150 մոդելներից։
Ցուցադրությունից հետո Յուդաշկինի անունը հայտնի դարձավ ոչ միայն Ռուսաստանում, այլև դրա սահմաններից դուրս, իսկ ցուցադրության ժամանակ ներկայացված հագուստներից մեկն ավելի ուշ հանձնվեց «Լուվր»։
Յուդաշկինն ամուսնացած էր մասնագիտությամբ ոճաբան, վարսահարդար Մարինա Պատալովայի հետ, որը դարձավ նրա նորաձևության տան գլխավոր կառավարիչը։ Նրանք ունեն մեկ դուստր` 33-ամյա Գալինան, և 3 թոռնիկներ։