ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններում թեկնածուները իրենց հակառակորդների հայկական արմատներ և հայի արյուն ունենալու փաստը օգտագործում են որպես հակափիառ` քաղաքական դիվիդենտներ ստանալու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
«Թուրքիայի նախագահական ընտրությունների երկու ֆավորիտ ուժերի թեկնածուները՝ Քեմալ Քըլըչդարօղլուն և Ռեջեփ Էրդողանը մեղադրում են միմյանց հայերի հետ ազգակցական կապ ունենալու մեջ։ Իրենք դրանով ցույց են տալիս ակնհայտ մի բան` ոչ մի բան միջին վիճակագրական թուրքի գիտակցության մեջ չի փոխվել առ այն, որ իրենք մեզ ընդունում են որպես թշնամի և յուրաքանչյուր կապը հայի հետ այս կամ այն առումով թուրքի ենթագիտակցության մեջ նստած է որպես վատ, խայտառակ, ամոթալի գործոն»,–ասում է Աբովյանը։
Նա հիշեցնում է, որ թուրք քաղաքական գործիչները ժամանակին էլ իրար դատի էին տալիս, երբ մեկը մյուսին ասում էր, որ հայի արյուն կա նրա մեջ։
Այս համատեքստում քաղաքական գործիչը ընդգծում է, որ հեքիաթի ժանրից է ՀՀ գործող իշխանությունների կողմից տարվող թեզը, թե Թուրքիա–Հայաստան հարաբերությունները կարող են բարելավվել և որ «թուրքը դարձել է եվրոպացի»։
«Նման բարելավում չի կարող լինել։ Նույն թուրքերը շատ էֆեկտիվ այս իշխանության բոլոր թեզերը պայթեցնում են։ Իսկ այսօր իրար ուղղված ռասիստական և ֆաշիստական մեղադրանքները ցույց է տալիս իրական իրավիճակը, որը այսօր Թուրքիայում է»,–նշեց նա։
Հիշելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ երբ իրեն ասում են թուրք, ինքը չի վիրավորվում, Աբովյանը նշեց, որ իրեն ամենավառ պատասխանը տվել են իր թուրք գործընկերները` ցույց տալով, թե ով իրականում ինչից է վիրավորվում։
«Եթե քաղաքական կոնտեքստում են դիտարկում, պետք չէ ավելի սուրբ լինել, քան Հռոմի պապը։ Դուք կարող եք վիրավորվել կամ չվիրավորվել, եթե ձեզ թուրք են անվանում, բայց միջին վիճակագրական թուրքի և Թուրքիայի ղեկավարների համար նույնիսկ հեռավոր արյունակցական կապը հայի հետ խիստ վիրավորական է»,–հավելեց նախկին պատգամավորը։
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Թեկնածուների ամփոփիչ ցուցակում ընդգրկված են գործող նախագահ, 69-ամյա Էրդողանը՝ որպես «Հանրապետական դաշինքի» թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու, 74-ամյա Քըլըչդարօղլուն, ինչպես նաև Memleket կուսակցության առաջնորդ, 58-ամյա Մուհարեմ Ինջեն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օհանը: Եթե թեկնածուներից ոչ մեկը ձայների 50 տոկոսից ավելին չհավաքի, մայիսի 28-ին կկայանա ընտրությունների երկրորդ փուլը: