ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Թուրքիայի հարավ–արևելքում նավթի նոր հանքեր են հայտնաբերվել, արտադրողականությունը օրական 100 հազար բարել է գնահատվում։ Ինչպես հայտնում է «Yeni Şafak»–ը, Քոնյայում նախընտրական հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նավթի հանքավայր ենք հայտնաբերել Ջիզրե քաղաքի մոտ` Գաբար լեռում, արտադրողականությունը օրական մոտ 100 հազար բարել է։ Արդեն սկսել ենք բարձր որակի նավթ մատակարարել նավթամշակման գործարան», – ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով` հանքն իր անվանումը ստացել է ի պատիվ Քրդստանի աշխատավորական կուսակցության (Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել) զինյալների կողմից 2017 թվականին սպանված ուսուցչուհի Այբյուկե Յալչընի։
Էրդողանը հավելել է, որ նավթը 2.6 կմ խորության վրա է, պաշարները տասնյակմիլիարդավոր դոլարներ են գնահատվում։
Հիշեցնենք` Թուրքիայի գործող նախագահն անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր, որ Թուրքիայի հարավ-արևելքում 150 մլն բարել նավթի մաքուր պաշարներով (մոտ 21,3 մլն տոննա) հանքավայր է հայտնաբերվել, որը գնահատվում է 12 մլրդ դոլար: