ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Շիրակացու ճեմարանի 4-րդ հարկից 13-ամյա երեխայի ընկնելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (անչափահասին ինքնասպանության հասցնելու) հատկանիշներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա նշում է, որ վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են հարցաքննություններ։
Դասասենյակի լուսամուտից ընկած երեխայի հետ դեռևս քննչական գործողություններ չեն իրականացվել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։
Քանի որ դեպքը վերաբերում է անչափահասի և ուսումնական հաստատության` Գոռ Աբրահամյանը կոչ է անում մարդկանց ավելի ուշադիր լինել։
«Հորդորում եմ զգուշորեն մոտենալ խնդրին`ինչպես բուժհաստատությունում գտնվող երեխային, այնպես էլ նրա ծնողներին, ինչպես նաև Ճեմարանի մյուս սաներին, նրա համադասարնցիներին նոր, ավելորդ սթրեսների, հոգեկան տառապանքների չենթարկելու համար»,– գրել է նա։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ըստ նախնական տվյալների` ապրիլի 26-ին նշված ճեմարանի առաջին հարկի ընդունարանի սրահից կորել էր նույն ճեմարանի սան Նարեկ Կ․-ի պայուսակը, որի առթիվ ոստիկաններն ու քննիչները այցելել են ճեմարան, ուսումնասիրել այնտեղ տեղադրված տեսախցիկները։ Արդյունքում պարզվել է, որ պատուհանից ցած նետված Գագիկ Պ․-ն այդ ժամանակահատվածում գտնվել է ճեմարանում։
Արդեն ապրիլի 28-ին երեխային իր մոտ է հրավիրել դպրոցի փոխտնօրեններից մեկը և հետաքրքրվել կատարվածից, ինչին ի պատասխան երեխան հայտնել է, որ ինքը պայուսակի անհետանալու հետ որևէ առնչություն չունի, իր կորած գլխարկը փնտրելու համար է գնացել այնտեղ։
Խոսակցությունից րոպեներ անց Գագիկ Պ․-ն ճեմարանի 4-րդ հարկում գտնվող իրենց դասասենյակի պատուհանից ցատկել է ներքև: