ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Բրյանսկի մարզում բեռնատար գնացքի լոկոմոտիվն ու վագոնները դուրս են եկել ռելսերից։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսական երկաթուղիները»։
«Այսօր՝ ժամը 19:47–ին, Բրյանսկի շրջանի Սնեժետսկայա-Բելիե բերեգա էլեկտրիֆիկացված մեկ ուղու վրա անօրինական միջամտության պատճառով գնացքաքարշի և բեռնատար գնացքի շուրջ 20 վագոններ դուրս են եկել ռելսերից», - նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Տեղում աշխատում են քաղաքային հրշեջ հաշվարկները։
Նշված հատվածում երթևեկությունը դադարեցված է: Վթարի հետևանքների վերացման աշխատանքները համակարգելու համար «Ռուսական երկաթուղիներում» օպերատիվ շտաբ է ստեղծվել։