Նոր ձեռք բերված տրոլեյբուսները դեռ Լարսում են, սպասում ենք ամեն րոպե. Սարգսյան

Ժամկետներն արդեն անցել են, նախատեսվում է, որ մինչև շաբաթվա վերջ տրոլեյբուսների առաջին խմբաքանակը լինի Երևանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանի կողմից նոր ձեռք բերված տրոլեյբուսները դեռ Լարսում են։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստում ասաց տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը։
«Սպասում ենք ամեն րոպե, ամեն ժամ: Փոխադրողի հետ մշտական կապի մեջ ենք։ Ասել է` այս շաբաթ կլինի»,–ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը սեփական միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15-ը ձեռք կբերվի կառավարության աջակցությամբ:
Ինչ տեսք ունեն ներկրվող նոր տրոլեյբուսները. Երևանի քաղաքապետը տեսանյութ է հրապարակել
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 30 նոր տրոլեյբուսները Հայաստան կներկրվեն մինչև տարեվերջ, իսկ ուղեգիծ դուրս կգան արդեն 2023թ-ին։
Ներկայում Երևանի տրոլեյբուսային պարկում ընդհանուր առմամբ 51 տրոլեյբուս կա, որոնցից ամենահինը 44 տարվա է, իսկ «ամենաերիտասարդը» 14 տարեկան է։
Քաղաքապետարանից ավելի վաղ հայտնել էին` մինչև տարեվերջ, բացի 15 տրոլեյբուսներից կներկրվեն նաև 165 նոր ավտոբուսներ, որոնք նույնպես քաղաքացիներին կսկսեն սպասարկել 2023 թվականից։