ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Չնայած ՀՀ որոշ հատվածներում գրանցված եղանակային անբարենպաստ պայմաններին, ծիրանի միջին բերք այս տարի կունենանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսում արեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
«Առանձին հատվածներում, իհարկե, ցածր է բերքը, բայց ընդհանուր առմամբ Արարատյան նախալեռնային գոտում մենք վատ բերք չունենք այսօրվա դրությամբ։ Միջին բերք մենք ունենք։ Վատ չէ նաև դեղձի բերքը, մնացած կորիզավորներինը` խնձորենի, բալենի, կեռասենի։ Բայց չնչին բացառություններով. կան հատվածներ, որտեղ իրականում խնդիր կա, օրինակ, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում որոշ համայնքներում, որտեղ եղել է կարկտահարություն, ուժեղ քամիներ են գրանցվել, բերքի որոշ կորուստներ կան»,– ասաց Պետրոսյանը։
Մասնագետի խոսքով, կարկտահարությունից ու ուժեղ քամիներից տուժած առանձին համայնքներում բերքի մինչև 60-71 տոկոս կորուստ է գրանցվել, բայց այդ ծավալները ՀՀ ընդհանուր բերքի վրա մեծ ազդեցություն չեն ունենա։
Այդուհանդերձ, անկախ վնասի ծավալներից, բերքի կորուստը, Գառնիկ Պետրոսյանի խոսքով, մեծ ցավ է գյուղացու համար։ Այս համատեքստում մասնագետը նկատում է, որ գյուղապահովագրությունը Հայաստանում դեռ հեռու է նույնիսկ բավարար մակարդակի լինելուց։
«Չնայած հիմա պետության կողմից լուրջ աջակցություն կա ապահովագրության վճարների հարցում, բայց դա չի շահագրգռում գյուղացուն։ Բանն այն է, որ ապահովագրությունը վերաբերում է ընդամենը գյուղացու կատարած ծախսերին, որը մեծ խնդիր չի լուծում։ Պետք է բերքի կամ եկամտի ապահովագրություն իրականացնել, որպեսզի շահագրգռությունն իսկապես մեծ լինի։ Բացի դրանից, ենթադրենք` աղետը գրանցվեց ապրիլ կամ մայիս ամիսներին, ապահովագրությունը վճարվում է աշնանը` բերքահավաքից հետո, իսկ այդ ընթացքում գյուղացին բերք չունի, շարունակում է ծախսեր կատարել։ Բացի այդ, չկա վստահություն, որովհետև շատ դժվար է հստակ որոշել վնասի չափերը, և դա անընդհատ սակարկությունների առիթ է տալիս»,–ասում է Պետրոսյանը։
Հիշեցնենք` ապրիլի 31-ին, մայիսի 1-ին Արագածոտնի ու Գեղարքունիքի մի քանի գյուղերում, Սպիտակում, Գեղարդում, Իջևանում առատ ձյուն էր տեղացել։ Հայաստանի մի շարք շրջաններում ապրիլին տեղացած կարկուտը վնասել էր հատկապես ծիրանի բերքը։