ԼՂ–ի հարցով իրավական հիմքեր, բացի եռակողմ պայմանավորվածություններից, չկան․ Պեսկով

Դմիտրի Պեսկով
Հայաստանի, ԱՄՆ–ի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ղարաբաղի հարցով իրավիճակի կարգավորման համար այլ իրավական հիմքեր չկան, բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածություններից։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումն ու տարածաշրջանի լարվածության նվազեցմանն ուղղված որևէ համատեղ գործողությունների և քայլերի հնարավոր մշակումն առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ։ Դեռ որևէ այլ իրավական հիմք, որը կնպաստեր կարգավորմանը, չկա», – ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ այդ եռակողմ փաստաթղթերն այլընտրանք չունեն։
«Բնականաբար, ցանկացած օգնություն, որը կարող է կարգավորմանն օգնել այդ հիմքի վրա, կարող է ողջունելի լինել, սակայն մենք գիտենք նաև, որ տարբեր փորձեր են լինում, որոնք ձախողում են կարգավորման հիմքը, ինչը հեռանկարում կարող է արդյունք չտալ։ Հույս ունենանք, որ տվյալ պարագայում խոսքը առաջին դեպքի մասին է», – հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
«Հարաբերությունների կարգավորման համաձայնություն». Եղոյանն ասաց Բաքվի հետ պայմանագրի անունը